ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակին» (2012-2013 թթ. մրցաշրջան) հավակնող ֆուտբոլիստների ցուցակը: Քսաներեք մարզիկ ներառող ցուցակում են Գարեթ Բեյլը (ՈՒելս), Լուիս Սուարեսն ու Էդինսոն Կավանին (ՈՒրուգվայ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Էդեն Ազարը (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Անդրես Ինիեստան, Չավին (Իսպանիա), Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտայգերը, Մեսութ Օզիլը, Մանուել Նոյերը (Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Լիոնել Մեսին (Արգենտինա), Տիագո Սիլվան, Նեյմարը (Բրազիլիա), Անդրեա Պիռլոն (Իտալիա), Ֆրանկ Ռիբերին (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսին, Արիեն Ռոբենը (Հոլանդիա), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Յայա Տուրեն (Կոտ դ’Իվուար):
Արդեն դեկտեմբերի սկզբներին այս քսաներեքից կմնան ձայների առավել քանակություն ստացած երեքը (քվեարկությունն ընթանալու է մարզիչների, թիմերի ավագների, ՖԻՖԱ-ի կողմից ընտրված լրագրողների շրջանում), ու այդ երեքի միջից էլ հունվարի տասներեքին հայտնի կդառնա «Ոսկե խաղակոշիկի» տերը: Պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունենալու Ցյուրիխում:
Եթե նկատեցիք, թեկնածուների մեջ առավել ներկայացուցչական է ներկայացված Մյունխենի «Բավարիան», որն անցած մրցաշրջանում պարզապես փառահեղ հանդես եկավ երկրի ներքին առաջնությունում ու եվրոպական մրցաշարերում` նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները: Ասել է թե, զարմանալի ոչինչ չի լինի, եթե «Ոսկե խաղակոշիկին» էլ արժանանա այս ակումբի ներկայացուցիչը:
Դժվար է ասել, թե ինչ տրամաբանությամբ այդ եռյակի մեջ կարող են չհայտնվել համաշխարհային ֆուտբոլի երկու վառ աստղերը` վերջին չորս տարիների «Ոսկե գնդակի» անփոփոխ տիրակալ Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև եվրոպական վերջին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆրանկ Ռիբերին, սակայն նույնքան անհասկանալի տրամաբանությամբ ընտրողներն ի՞նչ պիտի անեն Զլատան Իբրահիմովիչի թեկնածության առնչությամբ, ով պարզապես հրաշքներ է գործում ֆուտբոլային դաշտում` հեղինակելով մեկը մեկից ապշեցուցիչ գեղեցկությամբ գոլեր: Մի խոսքով, կատարյալ գլուխկոտրուկ է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ